Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Գլխացավեր` հղիության ժամանակ


Հղիության ընթացքում 100 կնոջից 30-ը բժշկի է դիմում պարբերաբար առաջացող գլխացավերի կապակցությամբ, իսկ եզակի գլխացավեր ունենում է գրեթե յուրաքանչյուր կին։ Հեշտ է բացատրել գլխացավը, եթե արդեն ախտորոշվել է գեր- կամ թերճնշում, վեգետաանոթային դիստոնիա, միգրեն։ Իսկ եթե` ո՞չ, և ցավային զգացողությունների բնույթը տարբեր է. կամ պուլսացող է, կամ` ճնշող, կամ` ծոծրակն է շատ ցավում։ Միշտ չեն նման ցավերը տանելի։  Ցավազրկող ընդունելուց առաջ պետք է պարզել գլխացավի պատճառը։ Շատ դեպքերում դեղորայք չի պահանջվում, իսկ որոշ դեպքերում բուժում է պահանջվում։

Գլխացավի պատճառները

Գլխացավի պատճառները շատ են։ Այն կարող է լինել սալջարդի, գանգուղեղային վնասվածքի, սուր վարակների (էնցեֆալիտ, մենինգիտ), վիրուսային հիվանդությունների հետևանքով առաջացած ինտոքսիկացիաների հետևանք։ Մեզ հիմնականում հետաքրքրում են այն պատճառները, որոնք առաջացել են հղիության ժամանակ։ Ըստ մասնագետների՝ դրանցից ամենատարածվածներն են.

1. Հորմոնների ազդեցություն։ Բեղմնավորումից հետո տեղի է ունենում սովորական հորմոնալ ֆոնի փոփոխություն, որին օրգանիզմն արձագանքում է գլխացավով։ Եթե գանգատներն այս պատճառով են պայմանավորված, ապա առաջին եռամսյակի վերջում անցնում են։ Ուժեղ գլխացավերի ժամանակ թույլատրվում է պարացետամոլ։

Ցավի բնույթը՝ ծոծրակի շրջանում նվվացող, սեղմող։

2. Գերհոգնածություն, սթրեսներ։  Այս գլխացավերը կոչվում են հոգեծին, առաջանում են լարվածության հետևանքով։ Հղի կնոջ օրգանիզմը շուտ է հոգնում, հատկապես` աշխատավայրում։ Իսկ եթե աշխատանքը կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ կոնֆլիկտային իրավիճակների լուծման հետ, կամ ամենօրյա 8 ժամյա համակարգչային աշխատանքի հետ, ապա օրվա վերջում հոգնածությունը կարող է վերածվել գլխացավի նոպայի:  

Ցավի բնույթը՝ մշտական, ճնշող, օղակի նման սեղմող և դեպի ծոծրակը տարածվող: Գլխի շարժումների և թեքումների ժամանակ գլխացավն ուժեղանում է:  

3. Եղանակի փոփոխություն: Մետեոզգայուն մարդիկ միշտ տառապել են մթնոլորտային ճնշման տատանումներից և  «մագնիսական փոթորիկներից»: Այս դեպքերում ցանկալի է դեղորայք չընդունել:

Ցավի բնույթը՝ բութ, ճնշող, երբեմն` պուլսացող: Ուղեկցվում է սրտխառնոցով, աշխատունակության անկումով, հևոցով, հաճախասրտությամբ, անքնությամբ:

4. Առաջին եռամսյակում թերճնշումը կարող է դրսևորվել այն կանանց մոտ, ովքեր նախկինում երբեք ցածր ճնշում չեն ունեցել: Անոթները լայնանում են, ուղեղն անբավարար քանակությամբ թթվածին է ստանում և այդ մասին ազդարարում է գլխացավով ու գլխապտույտով: Այս դեպքում գինեկոլոգի խորհրդատվությունը պարտադիր է: Սովորաբար, ճնշման կարգավորմանն օգնում է մեկ բաժակ քաղցր թեյը կամ սուրճը (փոքր քանակությունը ոչ մի կերպ չի նդրադառնում պտղի զարգացման վրա):

Ցավի բնույթը՝ պուլսացող, ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով:

5. Գերճնշում. եթե այն նախկինում չի եղել, կարող է լինել սթրեսների, ֆիզիկական ծանրաբեռնվածության, գերլարվածության հետևանք: Դեղորայքային բուժմանը զուգահեռ, վերացվում են զարկերակային ճնշման բարձրացման պատճառները:

Ցավի բնույթը՝ պուլսացող, երբեմն` կենտրոնացած ծոծրակի շրջանում, ուղեկցվում է սրտխառնոցով, ականջներում` աղմուկով, աչքերի առաջ` «սև կետերի» առաջացումով, քթային արյունահոսությամբ։

6. Ուղեկցող հիվանդություններ։ Օստեոխոնդրոզի ժամանակ տեղի է ունենում անոթների սեղմում։  Բնորոշ է քունքերի և ծոծրակի շրջանի ցավը, որը ճնշում է աչքերին։ Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ լինում է անոթների սպազմ։ Այս դեպքում ցավը բութ է, ճնշող, պուլսացող։ Ուղեկցվում է սրտխառնոցով, հևոցով, թուլությամբ։ Հաճախ ցավն անցնում է փսխումից հետո։

7. Գլխի օրգանների բորբոքում, այդ թվում` լսողության օրգանի, բերանի խոռոչի, դիմային նյարդերի։

Ցավի բնույթը՝ նվացող, կրակող, ճառագայթում է դեպի հիվանդ շրջանը։

Ինչպե՞ս բուժել գլխացավը` հղիության ժամանակ

Եթե գլխացավը որևէ հիվանդության դրսևորում չէ, ապա ապագա երեխայի համար այն որևէ վնաս չի կարող ունենալ։ Այն դեպքերում, երբ գլխացավերն ազդարարում են այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք գլաուկոման է, ներուղեղային արյունազեղումը, մենինգիտը, երիկամների հիվանդությունը, ապա, միանշանակ, անհրաժեշտ է լուրջ բուժում՝ չնայած հղիությանը։ Մնացած իրավիճակներում ոչինչ չանել և դիմանալ ցավին, ճիշտ չի լինի։ Առաջին եռամսյակում ցանկալի է հրաժարվել բոլոր հաբերից, չնայած ընտրությունն այնքան էլ մեծ չէ, բացի պարացետամոլից և նոշպայից մնացած բոլորը հակացուցված են։

Վիճակի թեթևացման համար սկզբում հարկ է փորձել պարզ ստուգված միջոցները։

Ժողովրդական միջոցների կիրառումը թույլատրելի է միայն այն դեպքերում, երբ ծանր հիվանդության և ախտաբանության կասկած չկա։ Հակառակ դեպքում բոլոր գործողությունները պետք է համաձայնեցված լինեն բժշկի հետ։   

Դեղորայքային բուժում

Առաջին եռամսյակում որևէ դեղորայքի ընդունումը` գլխացավի կապակցությամբ, պաշտոնապես արգելված է։ Տրվում է մեկ հստակ խորհուրդ. «Դիմանա՛լ»։ Սակայն, բոլորս էլ գիտենք, որ ուժեղ գլխացավին հնարավոր չէ դիմանալ։  Այդ պատճառով, բացառության կարգով, թույլատրվում է պարացետամոլ՝ 0,5 հաբ կամ մանկական դեղաչափով, և նո-շպա՝ սպազմը հանելու համար։ Մեկանգամյա ընդունումը, սովորաբար, բավարար է։ Եթե այլ դեղերի եք դիմում (սպազգան, նայզ, բարալգին, ցիտրամոն), անպայման ծանոթացեք հրահանգի հետ, և բժշկից ճշտեք պտղի համար վնասակարության աստիճանը։ Մեր երեխայի առողջությունը պայմանավորված է մեր բարեխղճությամբ և ուշադրությամբ։  Այդ պատճառով, մինչև գինեկոլոգի, նյարդաբանի կամ շտապօգնության բժշկի նշանակումները կատարելը, միշտ բացատրություն պահանջեք։ 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com