Վիժումը հղիության ընդհատումն է: Դա էմբրիոնի ինքնաբուխ հեռացումն է արգանդի խոռոչից վաղ ստադիաներում` մինչև 22 շաբաթականը և պտղի մինչև 500 գրամ աճը: Մի քանի տարի առաջ դեռևս հնարավոր չէր փրկել 500 գրամանոց պտղին և մեծացնել մինչև նորմալ երեխա: Իսկ եթե 500 գր-ից ցածր է քաշը, փրկելու հնարավորություն չկա:
Ինչպես է ընթանում վիժումը
Վիժումը հաճախ լինում է հղիության վաղ շրջանում` մինչև 12 շաբաթականը: Շատ կանայք անգամ դեռ չեն հասցնում հասկանալ, որ հղի են, մտածելով, որ սկսել է ուշացած, տարօրինակորեն առատ հերթական դաշտանը: Հղիության ավելի բարձր ժամկետներում պտուղը կորցնելու հավանականությունը նվազում է:
Վիժման փուլերը
Վիժման պատճառները
Պատճառները 2 խմբի են բաժանվում` պատահական և սովորույթային: Այլ կերպ ասած, պատճառներ, որոնք կախված են պտղի մոտ առաջացած խնդիրների հետ և պատճառներ` առաջացած մայրական օրգանիզմի կողմից: Որքան էլ տարօրինակ է, վիժումը ֆիզիոլոգիական գործընթաց է, երբ կնոջ օրգանիզմն ազատվում է ոչ լիարժեք պտղից:
Երբեմն ծնողների մոտ լինում են դեֆեկտային սեռական բջիջներ, և, բարեբախտաբար, մարդկային օրգանիզմը ճանաչում է էմբրիոնի գենոտոպի կոպիտ շեղումներն ու ժամանակին ազատվում այդ հղիությունից: Նման դեպքերում չարժե ամեն գնով փրկել իրավիճակը, որովհետև այդպիսի երեխան երկար չի ապրի, կամ կծնվի արատներով: Պետք է իմանալ, որ դա պատահական խնդիր է և հաջորդ հղիությունը կընթանա նորմալ:
Վիժումների պատճառներից են վարակիչ հիվանդությունները: Սեռական օրգանների վարակները վտանգ են ներկայացնում էմբրիոնի համար: Տարբեր վիրուսային հիվանդությունները (անգինա, գրիպ) մոր օրգանիզմն այնպիսի վիճակի են հասցնում, որ պտղի գոյատևելը դառնում է անհնարին: Այսինքն, լիովին առողջ էմբրիոնը կարող է մահանալ հիվանդությունների հետևանքով (ինտոքսիկացիա, անբավարար արյան շրջանառություն, բարձր ջերմություն):
Վիժումներ առաջացնում են նաև իմուն համակարգի խանգարումները: Մի դեպքում կնոջ պաշտպանական մեխանիզմները հրաժարվում են ճանաչել սեփական սպիտակուցները և գեները, ու հարձակվում են դրանց վրա, մյուս դեպքում` հեռացնում են «օտարին»` էմբրիոնի բջիջների հայրական մասը: Բացասական ռեզուս-գործոնով կանանց ռեզուս կոնֆլիկտը շատ հայտնի է, և կան դրա լուծման մեթոդները: Եթե արդեն հայտնի են իմուն համակարգի խնդիրները, հղիությունը հնարավոր է պահպանել` համապատասխան բուժման շնորհիվ:
Դժվար լուծելի են անատոմիական շեղումների առաջացրած խնդիրները: Ներարգանդային միջնապատերը, ենթալորձաթաղանթային միոմաները, կպումները, պոլիպները, էնդոմետրիայի կազմության փոփոխությունները հաճախ բերում են անպտղության, սովորույթային վիժումների, կամ` վաղաժամ ծննդաբերությունների:
Հորմոնների աշխատանքի խանգարումները մեծ խնդիրներ չեն առաջացնում և չեն խանգարում կնոջը` մինչև հղիությունը: Բայց, եթե արդեն առկա է հղիություն, հորմոնների ցանկացած անբավարարություն իրեն զգացնել է տալիս:
Պրոգեստերոնի անբավարարությունը, անդրոգենների ավելցուկը, վահանագեղձի ոչ լիարժեք աշխատանքը ևս երբեմն բերում են վիժման վտանգի: Դրանից խուսափել հնարավոր է համապատասխան հորմոնալ բուժմամբ:
Վիժման նշանները
Կինը գիտի իր հղիության մասին, թե` ոչ, նա պետք է ուշադիր լինի իր օրգանիզմի ցանկացած ազդանշանի նկատմամբ: Վիժման վտանգի մասին են վկայում որովայնի ստորին շրջանի և մեջքի ցավային զգացողություններն ու արյունային արտադրությունները: Թեթև ցավը` համակցված քիչ քանակի արտադրությամբ, սպառնում է վերաճել ուժեղ կծկումների և առատ արյունահոսության` շերտազատված հյուսվածքների կտորներով: Երկրորդ եռամսյակում պտղաջրերի հոսքը և արգանդի բարձր տոնուսը հաստատում է լուրջ վիճակի առկայությունը: Որքան շուտ կինը դիմի բժշկի, այնքան ավելի հնարավոր է կանգնեցնել վիժումը:
Ինչպես կանխարգելել վիժումը
Եթե կնոջ մոտ արդեն եղել է հղիության ընդհատման իրավիճակ, դա դեռևս պատճառ չէ` հուսահատվելու: Պետք է զույգը սկսի ուշադրություն դարձնել առողջության վերականգնմանը և պատրաստվել նոր հղիության: Լավ է, եթե գինեկոլոգը կարողանում է վերացնել առաջին հղիության ընդհատման պատճառները: Բավական է հետազոտություններ իրականացնել և վերացնել ռիսկի գործոնները: Այլ դեպքերում հետազոտություններն ավելի երկարատև են` ստուգվում են և՛ ծնողների հորմոնները, և՛ վարակների առկայությունը, և՛ գենետիկ ռիսկերն ու ռեզուս գործոնը: Մեծավ մասամբ լրացուցիչ բուժում չի պահանջվում. չ՞է որ յուրաքանչյուր հղիություն առանձնահատուկ է, այն ի հայտ է գալիս նոր պայմաններում և նոր բջիջներից: Շատ դեպքեր են եղել, երբ քրոնիկ հիվանդությունների պայմաններում (շաքարային դիաբետ, հաշմանդամություն, արգանդի արատներ) կնոջ մոտ ծնվել է հասուն, առողջ երեխա, ընդ որում, առանց հղիության ընդհատման վտանգի: