Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ


    Ծննդաբերության I շրջանն ամենատևականն է։ Այն սկսվում է կանոնավոր կծկանքներով և ավարտվում արգանդի պարանոցի լրիվ բացումով։ Ծննդաբերական  կծկանքները սովորաբար ցավոտ են։ Ցավային զգացողությունների աստիճանը տարբեր է և կախված է ծննդաբերի նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակից։ Ծննդաբերները նշում են ցավեր որովայնում, գոտկատեղում, աճուկային շրջաններում։ Որոշ կանայք  ի սկզբանե ուժեղ ցավեր են ունենում։ Նման կանանց շրջանում երբեմն առաջանում է ռեֆլեկտոր սրտխառնոց և փսխում։ Իսկ ավելի ուժեղ, հավասարակշռված նյարդային համակարգով կանանց բացման շրջանն ընթանում է գրեթե անցավ։ Երբ կծկանքները դառնում են հատկապես ուժեղ և սկսում են կրկնվել 3-4 րոպեն մեկ անգամ, պարանոցը սովորաբար լրիվ կամ գրեթե լրիվ բացվում է։ Պտղապարկը լարված է ոչ միայն կծկանքների ժամանակ, այլև դրանցից դուրս։ Այնուհետև կծկանքներից մեկի գագաթնակետին պտղապարկը պատռվում է, և արտահոսում են առաջային պտղաջրերը (100-200մլ)։

    Պարանոցի լրիվ բացումից և պտղաջրերի արտահոսքից հետո սկսվում է ծննդաբերության II շրջանը։ Արգանդի պարանոցի լրիվ բացումից հետո սկսվում է պտղի արտամղումը։ Այս շրջանում կծկանքներին են միանում ճիգերը: Կծկանքների և ճիգերի ազդեցությամբ պտուղը սկսում է շարժվել ծննդաբերական խողովակով։ Այդ կծկումներն աստիճանաբար ավելի են ուժեղանում։ Արգանդի կծկումներին միանում է սրբոսկրային հյուսակների վրա գլխի ճնշման արդյունքում առաջացած ցավը։ Ծննդաբերն զգում է ուժ գործադրելու, գլուխը ծննդաբերական ուղիներից դուրս բերելու անհաղթահարելի ցանկություն։ Ծննդաբերի դեմքը ճիգերի ժամանակ կարմրում է, խոնավանում, պարանոցային երակներն արտափքվում են: Դադարի ընթացքում կինը հանգստանում է լարվածությունից։ Ճիգերի հետագա զարգացման արդյունքում գլուխը ավելի ու ավելի առաջ է մղվում: Ծոծրակային առաջադրության դեպքում սկզբում դրսևորվում է ծոծրակը, ապա գագաթային թմբերը։ Շեքի լարվածությունն այս ժամանակ հասնում է իր գագաթակետին։ Սա ծննդաբերության ամենացավոտ, թեև կարճատև հատվածն է։ Ծոծրակի և գագաթի ծնվելուց հետո ուժեղ ճիգերով ծնվում են ճակատը և դեմքը։ Գլխի և ուսագոտու ծնվելուց հետո առանց դժվարության ծնվում են պտղի իրանը և տոտիկները` հետին ջրերի հետ զուգահեռաբար։ Նորածինը կատարում է իր առաջին ճիչը, շարժում է վերջույթները և սկսում է վարդագունել։

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com