Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՇՐՋԱՆԸ ԵՎ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՇՐՋԱՆԸ ԵՎ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հետծննդյան շրջանը սկսվում է ծննդաբերությունից անմիջապես հետո և տևում մինչև  42 օր: Սովորաբար առանձնացվում է վաղ հետծննդյան շրջանը, այսինքն՝ ծննդաբերությանը հաջորդող առաջիկա 2 ժամը,  և ուշ հետծննդյան շրջանը` ծնդաբերությունից հետո մինչև 42-րդ օրը:

Հետծննդյան բարդությունները պրակտիկորեն արտահայտվում են այս կամ այն չափով գրեթե բոլոր կանանց մոտ:

Առավել ուշադրության են արժանի․  

ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ԱՐՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ

Ծննդաբերությունից հետո ամենալուրջ և վտանգավոր բարդությունն արգանդի արնահոսությունն է, որովհետև  այն  իրենից ներկայացնում է արգանդի մեծ անոթներից արյան կորուստ: Ծննդաբերությունից հետո նորմալ պայմաններում ևս լինում է արյան կորուստ, բայց  փոքր  ծավալի, քանի որ արգանդի կրճատման արդյունքում արյունատար անոթները սեղմվում են, և արնահոսությունն աստիճանաբար նվազում է:

Եթե արգանդի կծկողականությունը խախտվում է, տեղի է ունենում արյան մեծ կորուստ, ինչն էլ կարող է լուրջ սպառնալիք լինել ոչ միայն կնոջ առողջության, այլ նաև նրա կյանքի համար: Հետծննդյան շրջանում արգանդի կծկողականության նվազեցման զարգացման հիմնական պատճառներն են՝ ներարգանդային ինֆեկցիան, արգանդի միոմաների  առկայությունը, խոշոր պտուղը, գերջրությունը, երկարատև ծննդաբերությունը, բազմածին լինելը և այլն: Արնահոսությունը կարող է առաջանալ նաև արյան մակարդելիության խանգարման հետևանքով:

ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Երեխայի ծնվելուց հետո արգանդի ներսի մակերեսը իրենից ներկայացնում  է մեծ վերքային մակերես, որն էլ տարբեր վարակների զարգացման հիանալի պայման է ստեղծում: Այսպիսի ինֆեկցիայի զարգացումը կոչվում է էնդոմետրիտ: Կնոջ մոտ նման բորբոքային պրոցես կարող է առաջանալ ինչպես բնական ծննդաբերությունից, այնպես էլ կեսարյան հատումից հետո: Էնդոմետրիտը չբուժելու դեպքում կարող է առաջանալ հետծննդյան պերիտոնիտ: Սովորաբար նման բարդությունները ծագում  են կեսարյան հատման արդյունքում հատուկ դեպքերում, երբ առկա է դիմադրողականության անկում, տարածված ներարգանդային ինֆեկցիա, երկարատև անջուր շրջան, սթրեսային վիճակ, արյան մեծ կորուստ  և այլն:

Ծննդաբերության ժամանակ հաճախ, ըստ իրավիճակի, անհրաժեշտ է լինում կար դնել: Եթե կարերի շուրջ նկատվում է ցավ, կարմրություն, վերքից արյունային կամ բորբոքային (թարախային) արտահոսք, ապա դա վկայում է կարերի  բորբոքման կամ թարախակալման մասին: Այսպիսի դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ԽՆԴԻՐՆԵՐ

Ծննդաբերությունից հետո կարևոր խնդիրներից մեկն էլ կանանց կաթնագեղձերի հետ կապված բարդություններն են: Երեխայի ծնվելուց հետո սկսվում է կաթնարտադրության բարդ պրոցեսը, և կրծքագեղձի ոչ ամբողջական կամ ոչ լիարժեք դատարկման արդյունքում կարող են առաջանալ բարդություններ, ինչպիսիք են լակտոստազը և մաստիտը: Լակտոստազ բառացիորեն նշանակում է կաթի կանգ, լճացում, որը ինֆեկցված չէ միկրոբներով և չի առաջացնում բորբոքում։

Լակտոստազի ժամանակ  մանրէների ներթափանցումը ծորաններ կարող է առաջացնել հետծննդաբերական մաստիտ՝ կաթնագեղձի բորբոքում: Մաստիտն արտահայտվում է կրծքագեղձերի մաշկի տեղային կարմրությունով, տվյալ հատվածում ուժեղ ցավով, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ, մինչև 38.0 և ավելի բարձր:

Հարակից օրգանների կողմից առաջացող բարդություններին և հետծննդյան սթրեսին կանդրադառնանք հաջորդիվ...

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com