Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Փորկապությունը հղիության ժամանակ

Փորկապությունը հղիության ժամանակ


Հղիության տարբեր շրջաններում հղիները հաճախ գանգատվում են փորկապությունից: Դրա պատճառը  պրոգեստերոն հորմոնն է, որը թուլացնում է ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև աղիների հարթ մկանները: Սնունդը դանդաղ է շարժվում աղիներով և այդ ընթացքում կորցնում է խոնավությունը, ինչն էլ նպաստում է փորկապությանը:

Այս խնդիրին պետք է լրջորեն վերաբերվել, որովհետև ուժեղ արտահայտված փորկապությունը կարող է թութք առաջացնել, որը հղի կնոջ վիճակն առավել կդժվարացնի:

Փորկապությունների կանխարգելման և արդեն դրանց առկայության ժամանակ այն կարգավորելու համար պետք է որոշ ոչ բարդ կանոններ պահպանել:

Սննդի մեջ շատացնել  բջջանքը

Կոշտ բջջանքը նպաստում է աղիների նորմալ գործունեությանը: Բջջանքով հարուստ են գազարը, կաղամբը, բազուկը, մրգերը, հատապտուղները և չրեղենը:

Խմել շատ հեղուկ

Անգամ ամենաթեթև ջրազրկման ժամանակ փորկապության վտանգը մեծանում է: Թուլացնող ազդեցություն ունեն չրերով պատրաստված կոմպոտները:

Խուսափել «կապող» մթերքից

«Սև ցուցակում» են կոշտ պանիրները, բանանը, բրինձը, սպիտակահատ ձավարի շիլան, նուռը, շոկոլադը, կարտոֆիլի պյուրեն, մակարոնեղենը, բուլկին, պինդ եփած ձուն:

Երկար չնստել մի տեղում

Բժշկի թույլտվությամբ թեթև մարմնամարզությունը և յոգան դրդում են աղիների աշխատանքը: Դրան նպաստում են նաև զբոսանքը և լողը:

Ի՞նչ չանել՝ փորկապությունից խուսափելու համար

Հոգնա կատարել չի կարելի, այն կարող է վիժման վտանգ առաջացնել, թուլացնող միջոցներ նույնպես չի կարելի օգտագործել` առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Փորկապության մասին պետք է ժամանակին հայտնել բժշկին, ով գուցե վերանայի հղիության ժամանակ Ձեզ նշանակված դեղերն ու հավելումները:

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com