logo
Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Հարց-պատասխան

Հարց-պատասխան


Հարց

Ես արդեն չորս տարուց ավելի է ամուսնացած եմ։ Ամուսնության առաջին իսկ ամիսներից երազել եմ հղիության մասին, սակայն մինչ օրս դա միայն երազանք է։ Բժիշկներն ասում են, որ ոչ ինձ, ոչ էլ ամուսնուս մոտ ոչ մի լուրջ խնդիր էլ չկա։ Դա, իհարկե, հուսադրող է, բայց միայն հույսն արդեն  բավական չէ։ Չեմ ուզում մտածել, որ դա ճակատագիր է և պետք է համակերպվել։ Կյանքում ամենամեծ երազանքիս հասնելու համար  պատրաստ եմ ամեն ինչի, բայց պետք է խոստովանել, որ երբեմն հուսահատվում եմ, գիտեմ, որ դա շատ մեծ խանգարող հանգամանք է։

Պատասխան

Անպտղության դատապարտված լինելու մասին կարելի է դատել միայն այն ժամանակ, երբ առկա են սեռական օրգանների՝ հղիության առաջացման և ընթացքի հետ անհամատեղելի անատոմիական զարգացման լուրջ  խանգարումներ։ Ձեր դեպքում, ինչպես երևում է Ձեր նամակից, Դուք հետազոտվել եք և պարզ է, որ ոչ մի խնդիր էլ չկա, հետևաբար և անհանգստանալու ոչ մի լուրջ պատճառ։ Ես չգիտեմ, թե ինչպիսի հետազոտություններ եք անցել, քանի որ Առողջապահական համաշխարհային  կազմակերպության դասակարգման համաձայն, գոյություն ունի տղամարդկան մոտ անպտղության 16 և կանանց մոտ 22 պատճառ։ Դրանց թվին է պատկանում  նաև, այսպես կոչված, «հոգեբանական անպտղությունը», որի դեպքում զուգընկերներից երկուսն էլ լիովին առողջ են, բայց անհամատեղելի։ Բայց գիտության և տեխնիկայի ժամանակակից հնարավորությունները թույլ չեն տալիս այս իրավիճակը ևս համարել անհուսալի։ Այնպես որ մի հուսահատվեք, գտեք մի գրագետ և հուսալի մասնագետի, ով կուսումնասիրի բոլոր հնարավոր տարբերակները և անպայման  Ձեզ կհուշի  այս խնդրի լուծման Ձեզ հարմար տարբերակը։

Հարց

Ես ունեմ բավականին լուրջ խնդիր։ Ես հղի եմ (3 ամսական), ունեմ աղիների հետ կապված որոշակի դժվարություններ, իսկ վերջերս էլ անգամ թութք է ի հայտ եկել։ Դա շատ անհանգստացնող է և հավանաբար առավել լուրջ խնդիրներ կարող է ստեղծել հատկապես ծննդաբերության ընթացքում և հնարավոր է նաև դրանից հետո։ Սա ինձ համար լիովին անծանոթ երևույթ է և չգիտեմ ինչպես վարվել։ Երևի միայն սննդին հետևելով հարցը չի ստանա իր լուծումը։ Բնականաբար ամեն  բան ինձնից է կախված, բայց ահա՝ թե ինչ պետք է անել, դա չգիտեմ։  

Պատասխան

Հղիությունն, իրոք, նպաստում է թութքի  առաջացմանն ու զարգացմամնը։ Այդ ընթացքում ավելանում է արյան հոսքը դեպի համապատասխան  հատվածները, ինչպես նաև դեպի աղիների անոթները։ Սովորաբար հղիության արդյունքում առաջացած թութքն արտահայտվում է վերջին ամիսների ընթացքում , երբ բեղմնավորված արգանդը ճնշում է գործադրում, որը խանգարում է այդ հատվածներից արյան նորմալ հոսքին։ Սակայն անոթների սովորական տոնուսի դեպքում, անգամ հղիության վերջին շրջանում, նման խնդիրներ չեն առաջանում։ Ձեր դեպքում թութքն առաջացել է առավել վաղ շրջանում, դրանից կարելի է հետևություն անել, որ անոթային տոնուսն է խախտված։ Սխալ կլինի առանց մանրամասն  հետազոտության կոնկրետ  խորհուրդներ տալ։  Այդ պատճառով Դուք պետք է դիմեք անոթային վիրաբույժի օգնությանը։ Այսօրվա պայմաններում կան բազմաթիվ միջոցներ, որոնց կիրառությունը թույլատրելի է անգամ հղիության ընթացքում։ Դրանց ճիշտ և տեղին կիրառությունը Ձեզ հնարավորություն կտա ոչ միայն ազատվել այնպիսի տհաճությունից, ինչպիսին թութքն է, այլև խուսափել անոթների հետ կապված հնարավոր բոլոր խնդիրներից։ Ձեր վիճակն առանց ուշադրության թողնել չի կարելի, քանի որ առջևում դեռ հղիության 6 ամիսներն են ու ծննդաբերությունը։

Մանկաբարձ-Գինեկոլոգ
Նանա Դանիելբեկ

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com