logo
Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Ինչպե՞ս լավ նախապատրաստվել ծննդաբերությանը


ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Թե՛ հոգեբանական և թե՛ ֆիզիկական տեսանկյունից ծննդաբերությանը պետք է լավ նախապատրաստվել։ Ճիշտ և նպատակասլաց վարքի մասին իմանալը բավական չէ, անհրաժեշտ են նաև վարժություններ։ Կանոնավոր մարզումները օգնում են հաղթահարել վախն ու անվստահությունը։  Նախապատրաստվելու ընթացքում, բացի ֆիզիկական մարզումներից, դուք պետք է հնարավորություն ունենաք ստանալու ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ առանց վախենալու միամիտ կամ ծիծաղելի թվալուց։ Այդպիսի պարապմունքների ժամանակ լինում են կարծիքների փոխանակում, ինքնաբերական քննարկումներ, որոնք ևս ապահովության զգացում են ներշնչում. ձեզ հասկանում են, շրջապատում են նույն ուրախություններն ու մտահոգություններն ունեցող մարդիկ։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Այն ներառում է չորս հավասարապես կարևոր բաղադրիչ.

•    ծննդաբերության պրոցեսի մասին հանգամանալի և մանրակրկիտ յուրացում
•    թուլացման տեխնիկայի իմացություն
•    շնչառության տեխնիկայի յուրացում
•    սեփական մտքերն ուղղորդելու և ուշադրությունը կենտրոնացնելու հմտության ձեռքբերում։

Ինչո՞ւ են ծննդաբերության ժամանակ այդքան կարևոր թուլանալու կարողությունը, ճիշտ շնչելու, կենտրոնանալու, գիտակցաբար ուշադրությունը կենտրոնացնելու հմտությունը և ինչպես յուրացնել դրանք։

ՎԱԽԻ ԵՎ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՈՋ ՀՈԳԵԿԱՆԻ ՎՐԱ

Հոգեկան վիճակը նշանակալիորեն ազդում է օրգանիզմի ֆիզիկական ֆունկցիաների վրա և ընդհակառակը։ Յուրաքանչյուրիս ծանոթ են վախի ազդեցությամբ առաջացած արտխփոցը, խիստ բարկացած պահին արագացած շնչառությունը։

Հոգու և մարմնի  «համագործակցությունը» հսկայական ազդեցություն ունի ինչպես ծննդաբերության պրոցեսի, այնպես էլ դրա արդյունքի վրա։ Վախը գրգռվածությունը, անինքնավստահությունը և խուճապն այնպիսի զգացումներ են, որոնք ծննդաբերության պահին վատ են անդրադառնում օրգանիզմի գործունեության վրա, խորացնում ցավը։ Հասկանալով, որ բացասական հույզերի ներգործությունը կարելի է պակասեցնել մկանների թուլացման և շնչառության ռիթմի կարգավորման միջոցով, դու գիտակցում ես համապատասխան ձևերն ու եղանակները յուրացնելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, եթե ծննդաբերության ժամանակ դուք հետևում եք ձեր մարմնին, շնչառությանը, աշխատում եք թուլացնել ձեր մկանները, կարգավորել շնչառությունը,  ձեր ուշադրությունը կամա թե ակամա շեղվում է ցավից, և մեծանում է դիմացկունությունը։ Ըստ որում, ավելի հեշտ է լինում ձեզ վրա կենտրոնանալը։ Բացի այդ, այն գիտակցումը, որ դուք ինքներդ ձեզ ի վիճակի եք օգնել, հանգստություն և ինքնավստահություն կպարգևի ձեզ, որոնք ամենից կարևորն են ծննդկանի համար։

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Կա՞ արդյոք նախապատրաստվելու անհրաժեշտություն։ Չէ՞ որ հազարամյակներ շարունակ կանայք ծննդաբերել են  առանց տարբեր տիպի պատրաստությունների։ Ինչո՞ւ են վերջին տասնամյակներին այսքան ակտիվորեն քննարկում այդ հարցը։

Երեխաներ ծնվել են վաղնջական ժամանակներից, բայց հենց անհիշելի ժամանակներից էլ մարդիկ միջոցներ են փնտրել այդ պրոցեսը հնարավորինս անցավ և անվտանգ  դարձնելու համար։ Դրանով հանդերձ մարդիկ այն եզրակացությանն են եկել, որ ամենից լավ հենց կինը կարող է օգնել ինքն իրեն. նա ի վիճակի է բարձրացնելու իր ցավազգացողության շեմը՝ համապատասխան աջակցության և պայմանների ապահովման դեպքում։

Ցավոք, ծննդաբերության ժամանակ գործածվող տեխնիկական և օգնության ամենատարբեր միջոցների սրընթաց զարգացումը հանգեցրել է նրան, որ առաջին հերթին հաշվի են առնվում  ծննդաբերող կնոջ և երեխայի «մարմնական» պահանջմունքները, իսկ ծննդկանի օրգանիզմի ներքին ուժերի, մայրական բնազդի սատարման, հոր և ողջ ընտանիքի օժանդակության կարևորության մասին հաճախ մոռանում են:

Ողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց այն եզրակացությանն է հանգել, որ կնոջը (կամ ամուսիններին) անհրաժեշտ է հատուկ նախապատրաստել երեխայի լույս աշխարհ գալուն։ Դա դրականորեն է ազդում ոչ միայն բժշկական ցուցանիշների (ծննդաբերական վնասվածքների քանակային նվազումը, ծննդաբերության ժամանակ ցավազգացողության նվազում), այլև ընտանիքի հոգեբանական մթնոլորտի վրա (նվազում է հետծննդյան դեպրեսիվ վիճակների մակարդակը, առավել արագ են ընտելանում ընտանիքում նոր անդամի հայտնվելուն և այլն)։

Ահա թե ինչու ծննդաբերությունը պետք է համարել իսկապես ընտանեկան իրադարձություն, որն ապագա ծնողների մեջ ակտիվություն, գիտակցված վերաբերմունք, վճռականություն է սերմանում։ Անօգնական վիճակից մինչև ակտիվ մասնակցությունը տանող ճանապարհի հիմքը գիտելիքն է, շահագրգռվածությունը և սեփական պատասխանատվության գիտակցումը։

Նանա Դանիելբեկ,
մանկաբարձ-գինեկոլոգ

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com