logo
Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն
+374 10 28 51 45
+374 10 28 52 88

Հայաստանի Հանրապետություն, ԵՐԵՎԱՆ, Հր. Ներսիսյան փող., շենք 7/2

Կոնտրացեպցիան տարբեր տարիքային խմբերում


ԿՈՆՏՐԱՑԵՊՑԻԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ   ՇՐՋԱՆՈՒՄ

Ներկայումս երիտասարդների կենսաբանական հասունացումը տեղի է ունենում ավելի վաղ, քան նախորդ սերունդներինը։ Սրանից ելնելով՝ դեռահասները դեռ չհատած հոգեբանական և էմոցիոնալ հասունության սահմանները, ինչպես նաև ձեռք չբերած նյութական անկախություն, հաճախ սեռական կոնտակտներ են ունենում՝ այն էլ մի քանի զուգընկերների հետ։ Անբարո սեռական կյանքն ի վերջո հանգեցնում է անցանկալի հղիության, որն ավելի հաճախ ավարտվում է աբորտով՝ վերջինիս բոլոր հնարավոր բարդություններով, ինչպես նաև սպեցիֆիկ վարակներ ձեռք բերելով, որոնք հատկապես արագ են տարածվում երիտասարդության անզգույշ և անփույթ միջավայրում և առաջ բերում անկանխատեսելի հետևանքներ։ Հետևաբար, երիտասարդությանն առաջարկվող հակաբեղմնավորիչը պետք է միաժամանակ երկու պահանջ բավարարի՝

  1. պաշտպանի հղիանալուց (և որպես հետևանք՝ աբորտից ու նրա բարդություններից)
  2. պաշտպանի սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ  ՏԱՐԻՔԻ  ԿԱՆԱՆՑ ԿՈՆՏՐԱՑԵՊՑԻԱՆ

Այս տարիքում կանայք կարող են օգտագործել գոյություն ունեցող բոլոր հակաբեղմնավորիչ միջոցները։ Միայն թե հարկ է հաշվի առնել, որ այս տարիքում կանայք կարող են ինչ-ինչ հիվանդություններ կամ վատ սովորություններ ունենալ, որոնք կսահմանափակեն այս կամ այն կոնտրացեպտիվ միջոցների կիրառումը։

ԿԱՆԱՆՑ ԿՈՆՏՐԱՑԵՊՑԻԱՆ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Կնոջ վերարտադրողական առողջության պահպանման կարևորագույն ֆակտոր է երեխայի ծննդից հետո առաջին ամիսներին անցանկալի հղիությունից խուսափելու խնդրի լուծումը (կրծքով կերակրելը միշտ չէ, որ պաշտպանում է հղիանալուց, ինչպես կարծում էին անցյալում)։

Այս ժամանակահատվածում նախապատվությունը պետք է տալ այնպիսի միջոցների, որոնք չեն ազդում լակտացիայի (կաթնարտադրության) և երեխայի զարգացման վրա։

ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԻՑ ԲԱՐՁՐ ԿԱՆԱՆՑ ԿՈՆՏՐԱՑԵՊՑԻԱՆ

Այս տարիքի կանայք հակաբեղմնավորիչների ընտրության հարցում պետք է սահմանափակվեն հորմոնալ միջոցների կիրառմամբ, ինչը յուրատեսակ հորմոնալ թերապիա է և կոչված է պահպանելու կնոջ կյանքի «բարձր որակը»  (երիտասարդությունը երկարաձգելու), ինչպես նաև կանխելու որոշ հիվանդություններ, որոնք ծագում են կնոջ հորմոնալ համակարգի «մարման» արդյունքում։

Ինչպես պարզ դարձավ, հակաբեղմնավորիչների մեծ մասը կանանց համար են նախատեսված։ Ընտրեք ձեր տարիքի, առողջական վիճակի, ինչու չէ նաև ցանկությանը համապատասխան։ Բոլոր դեպքերում, ավելի ճիշտ է ու ապահով ընտրություն կատարելիս խորհրդակցել բժշկի հետ։

Մանկաբարձ-գինեկոլոգ
Նանա Դանիելբեկ

 

Ստացեք խորհրդատվություն

Կապ մեզ հետ

ՀՀ, Երևան
Հր. Ներսիսյան փող., շենք 7/2
Ընդունարան. +374 10 28 51 45
+374 10 28 52 88

qz.cnndatun@gmail.com